Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ

Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կարծում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ուղենիշը շարունակական է լինելու: Այս մասին նա հայտարարեց՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԱԳՆ նոր ռազմավարության մեջ հայ-իսրայելական հարաբերությունների խորացման քաղաքականություն որդեգրվի՝ հաշվի առնելով վերջին օրերին Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման խոսակցությունների ակտիվացումը, ինչպես նաև Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման արտահայտումը:

«Իսրայելին մենք դիտարկում ենք որպես բարեկամ պետություն: Այնտեղ Հայաստանն ունի մշակութային ներկայություն, պատմամշակութային ժառանգություն և որպես նաև դրա կրող երկիր, չենք կարող անտարբեր դիտորդի աչքերով նայել, թե ինչ է տեղի ունենում Իսրայելում ու դրա շուրջը: Առանձին դեսպանի նշանակումը հենց այդ նպատակն էր հետապնդում: Մի շարք այլ քայլեր ևս ձեռնարկեցինք: Նախորդ տարեվերջին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Իսրայել, ձեռք բերվեցին հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ։ Ես կարծում եմ, որ այդ ուղենիշը շարունակական է լինելու»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է հարաբերությունների խորացման համատեքստում Իրանի հետ կապերին, Տիգրան Բալայանը նկատեց, որ Իրանը հարևան ու բարեկամ պետություն է, որի հետ փոխշահավետ համագործակցությունը նպատակադրված զարգացնելու պատրաստակամություն են հայտնել երկու երկրների ղեկավարները մայիսի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում