Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան

Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ 1990-ականների վերջերին Հայաստանի նախկին իշխանությունների կողմից Արցախին բանակցային գործընթացից հանելը մարտավարական քայլ էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ ՀՀ նախկին իշխանություններն այդ ժամանակ ցանկանում էին պարզապես ժամանակ շահել․ չէին ցանկանում լուծել ԼՂ հիմնահարցը, դա շահեկան էր և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար:

«Բայց իհարկե հարց է առաջանում՝ ժամանակ շահեցի՞նք, թե՞ կորցրինք, որովհետև կամաց-կամաց միջնորդները եկան եզրակացության, որ եթե ցանկանում են՝ Արցախը վերադառնա բանակցային սեղան, ապա այլ կարգավիճակով պետք է գա, ինչպես որ Մադրիդյան սկզբունքներով է նշված․ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելուց հետո պետք է միայն մասնակցեր բանակցություններին»,- ասաց նա:

 Կայծ Մինասյանը նկատեց, որ Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը, որ Արցախի իշխանությունները չպետք է ներկա լինեն բանակցություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին է հակասում:

«Անվտանգության խորհրդի բանաձևերում հստակ նշված է, որ Հայաստանը պետք է միայն գործադրի իր ազդեցությունը Ղարաբաղի իշխանությունների վրա: Բայց հայերը ճիշտ հակառակն էին անում, գնացին բանակցությունների՝ առանց Արցախի մասնակցության: Դա հակասական է ԱԽ-ի բանաձևերի հետ»,- ասաց նա:

Որքանո՞վ է հնարավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելը հիմա իրականանա: Հարցադրմանը քաղաքագետը պատասխանեց․

«Շատ երկար ժամանակ է դրա համար պետք: Այսօրվա կացությունը հետևյալն է՝ ո՞վ ամենալավ դիրքորոշումն ունի բանակցային գործընթացում․ դիվանագիտական և քաղաքական առումով հայերն են, ռազմաքաղաքական առումով՝ հայերն են: Բայց որոշակի հավասարակշռություն էլ կա այստեղ: Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակը ծառայելու է Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ինչու՞: Որովհետև վստահության մթնոլորտ կա ժողովրդի և իշխանությունների միջև, մանավանդ որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ժողովրդական էր, և դրա ընթացքը շարունակվում է»:

Հայաստանում ստեղծված իրավիճակից այսօր, ըստ Կայծ Մինասյանի, գոհ է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը: Բայց դա, նրա կարծիքով, չի նշանակում, որ կդառնա պատճառ, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ամբողջությամբ փոխվի:

«Բայց ադրբեջանցիներն ի՞նչ են տալիս բանակցային գործընթացին: Ոչ մի զիջում: Միայն ասում են՝ պատրաստ են ինտենսիվ բանակցությունների, բայց ի՞նչ են հասկանում «ինտենսիվ բանակցություններ ասելով»: Ոչինչ: Միայն զենքեր, լարվածություն, սադրանք և պատերազմական ոճ: Գնդակը ադրբեջանցիների կողմն է, և միջազգային հանրությունը պետք է պահանջի նրանցից, որ ցանկանում են՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ժողովրդավարական պետություններ լինեն, Հայաստանն արդեն «թավշյա հեղափոխությամբ» ինչ-որ բան արեց, Դո՛ւք՝, ադրբեջանցինե՛ր, ի՞նչ եք անում»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կցանկանան, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, Կայծ Մինասյանը նորից հիշեցրեց Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին կարգավիճակը որոշվելուն զուգահեռ կամ հետո:

«Բայց երբ համանախագահները տարածաշրջանային այցերի ընթացքում հիմնականում Երևանից հետո գնում են Ստեփանակերտ, նշանակում է՝ ճանաչում են Արցախի իշխանություններին որպես կողմ: Ասում են՝ բանակցություններ չեն, խոսակցություններ են, բայց դա դիվանագիտական լեզու է: Բայց երբ այցելում են Արցախ հիմնականում Հայաստանի խողովակով, ոչ Ադրբեջանի, ուրեմն՝ նշանակում է, որ անուղղակի ձևով, դե ֆակտո ճանաչում կա»,- ասաց նա՝ նկատելով, որ կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացը սկսում է իր արդյունքները տալ, կամաց-կամաց Հայաստանը պետք է ավելի շատ ուժ տա այդ հանգամանքին: Երբ խոսք է գնում Արցախի մասին, հայերը պետք է թե՛ ֆրանսիացիներին, թե՛ ռուսներին, թե՛ ամերիկացիներին ասեն, որ մեր գործը չէ, գնացե՛ք և Արցախի իշխանությունների հետ բանակցե՛ք: Դա ոչ այնքան ռազմավարական, որքան մարտավարական մեծ փոփոխություն է»:

Առանց Արցախի՝ բանակցային գործընթացում մասնակցության հիմնախնդրի կարգավորումն անհնար է: Դա, ըստ Կայծ Մինասյանի, հասկանում են բոլորը:

«Բոլորն են ասում, ոչ միայն մենք՝ փորձագետներս․ անգամ Հայաստանի նախկին իշխանություններն էին այդպես ասում: Ես հաճախ հանդիպում են ֆրանսիացի նախորդ համանախագահների հետ: Նրանք ուղղակի ասում են՝ անկարելի է հասնել խաղաղության՝ առանց մեկ կողմի մասնակցության»,- ասաց նա:

Հիմա, ֆրանսահայ քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում փակուղու մեջ է: «Քառօրյա պատերազմից հետո ադրբեջանցիները չգիտեն, թե ում հետ պետք է բանակցեն, ինչպես փոխեն իրավիճակը: Այսօր բանակցային սեղանին եղած առաջարկները չեն ծառայում ադրբեջանցիների շահերին, որովհետև նրանք ստիպված են զիջումներ անել՝ հատկապես Արցախի կարգավիճակի հարցում: Պետք է նաև նախորդ իշխանությունների արածն էլ ընդունել և հաջողություն համարել, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի կոշտ դիրքորոշում էին որդեգրել: Ճիշտ է, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ պարտություններ ունեցանք, սխալներ արեցինք, բայց կորուստներ չունեցանք և հողային զիջումներ չարեցինք»,- ասաց նա:

Հիմա իշխանափոխության արդյունքում հայկական կողմի հնարավորություններն ավելացել են, ինչը, ըստ Կայծ Մինասյանի, Արցախի և Հայաստանի դիվանագետները պետք է լավ օգտագործեն:

«Քանի որ ադրբեջանցիները վարժվել էին Սարգսյանի և Նալբանդյանի հետ բանակցելուն, հիմա շվարած են՝ ո՞վ է Մնացականյանն իրենց համար, ո՞վ է Փաշինյանն իրենց համար: Ինչպե՞ս պետք է վարվեն, ի՞նչ պետք է ասեն: Չգիտեն: Հայաստանում եղած փոփոխությունների արդյունքում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը նույնացվել են, Արցախի և Հայաստանի իշխանությունները շահերը նույնն են, և դա խնդիր է Ադրբեջանի համար․ չգիտեն՝ ինչ պետք է անեն»,- ասաց նա:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում