Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը՝ պետության կողմից դրանց ուղղված լուծումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է գաղափարներ ներկայացնել Արդարադատության նախարարություն, որոնք համատեղ քննարկման և ջանքերի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն:

Սուրեն Քրմոյանը որպես հաջողված օրինակներ նշել է պետական ծառայությունների մատուցման ոլորտում վերջին տարիներին ներդրված մի շարք նորարարական լուծումները, որոնց առկայությունը ոչ միայն գործնականում բացառել է կոռուպցիոն դրսևորումներն այդ հատվածում, այլ նաև էականորեն կրճատել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար պահանջվող ժամանակը:

Այնուհետև հաջորդել է մտքերի փոխանակություն քննարկման մասնակիցների միջև, իսկ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պյամանավորվածություն՝ մշակված առաջարկներով կրկին հանդիպելու վերաբերյալ:

Միաժամանակ, Սուրեն Քրմոյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ քննարկումներ տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում