Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ

Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկի քվեարկության վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության դրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հայտարարելով, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկում կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որպեսզի հարցը քննարկվի և քվեարկության դրվի մայիսի 23-ի նիստի ընթացքում, որպեսզի մայիսի 24-ին այդ քվեարկության համար կրկին չհավաքվեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկն առաջացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի զայրույթը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք տեսնում այս հարցն այսօր քննարկելու»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ էական է, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին ձայնի իրավունք խնդրեց. նա նշեց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Բաղդասարյանն ասաց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում:

Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց ու տեղից նետեց, թե հենց Վահրամ Բաղդասարյանն է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել և ճիշտ պատկերացումներ պետք է ունենալ առաջարկի վերաբերյալ: «Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չանել արտահայտություններ, թե ինչ-որ մեկը ուշ է ընկալում: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քննարկումն ու քվեարկությունը:

Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության ընթացակարգին է վերաբերում»,-նշեց նա: Քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել մայիսի 23-ին: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ որպես Ազգային ժողովի նախագահ ինքը կորոշի, թե երբ կլինի հարցի քվեարկությունը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով դիմեց Գևորգ Կոստանյանին: «Երկար տարիներ դատախազ եք եղել, և հիմա նո՞ր է բացվել ձեր սիրտը: Հիմա նո՞ր եք ջիգյար կերել, ելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,-ասաց նա:

Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել: Ընթացքում Միքայելյանը տեղից արձագանքում էր, ինչը Կոստանյանին դուր չեկավ. «Դու-ով մի խոսեք, դուք-ով խոսեք ինձ հետ: Մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում»:

Կրկին միջամտեց Ազգային ժողովի նախագահը: Նա հանդարտեցրեց պատգամավորներին՝ կրկին հորդորելով միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Վարման կարգի վերաբերյալ կրկին ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ոմանց մոտ տպավորություն կա, թե իրենք դեմ են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատմանը, սակայն դա սխալ ընկալում է: Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք դեմ են նման արագացված ռեժիմով աշխատելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում