Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով

Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը

նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Մատակարար) կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

Միևնույն ժամանակ Ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում ճշգրտել կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։

Նույն ժամկետում Ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում