Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խոստանում է մտածել Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե հնարավոր լինի հասնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ կմտածի նման պատասխանատվություն իր վրա վերցնելու մասին, երբ հնարավոր լինի հասնել Տարոն Մարգարյանի հրաժարականին:

Հարցին, թե անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Երևանի ավագանիում մեծամասնություն է մնալու ՀՀԿ խմբակցությունը, և այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում քաղաքապետի պաշտոնում ընտրվելու գործընթացը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պատկերացնում եմ նույն ձևով, ինչպես եղավ խորհրդարանում: Նաև կարող եմ ասել, որ Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է շատ ոչ քաղաքականացված մարդկանցից, ովքեր ես չեմ կարծում, որ իրենց կապում են Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հետ»:

Անդրադառնալով հարցին, թե այդ մարդկանց հետ բանակցություններ ունեցե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ մեկի հետ բանակցություններ չի ունեցել, որովհետև կոռեկտ չի համարում:

Նա հերքեց տարածված լուրերն այն մասին, թե արդեն վստահ է, որ կարող է Երևանի քաղաքապետ դառնալ, դրա համար է հրաժարվել պատգամավորական մանդատից: «Իմ որոշումը ես կայացրել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ, որ ժամկետների հետ կապված խնդիր կա, և կա միտում, որպեսզի ժամկետը լրանալուց անմիջապես հետո արձանագրություն կազմեն և ուղարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինձ Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու վերաբերյալ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ քայլին է դիմել, որպեսզի հնարավորինս խոչընդոտի այն ամենին, ինչ կատարվում է Երևանում: «Իմ տեղեկություններով, հիմա Երևանում այն մարդիկ, ովքեր իրենց «գործերը» չեն հասցրել վերջացնել, ցանկանում են արագ վերջացնել»,- ասաց Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե ինչ «չավարտված գործերի» մասին է խոսքը:

Նա նաև հստակեցրեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու հարց չեն քննարկել, քանի որ իրավական առումով քաղաքապետին անվստահություն հայտնելը քաղաքապետի հրաժարական չի ենթադրում: Նրա խոսքով՝ հիմա ամենակարևորն այն է, որ իրենք կարողանան կանգնեցնել այն ամենը, ինչ կատարվում է Երևանում:

Սիմոնյանը չբացառեց տարբերակը, որ ետ վերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը՝ ընդգծելով, որ տեղեկություններ ունի, որ Երևանի քաղաքապետը պատրաստվում է իրեն Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրություն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է գրել: «Նրանք ամեն ինչ անում են իրենց վերջին ֆորպոստը պահելու համար, որին ես ընդդիմանում եմ քաղաքական ճանապարհով»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նա շարունակում է պնդել, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, քանի որ երկրում իրադրություն է փոխվել: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն իրավիճակը, որ այսօր կա Երևանում, օր առաջ պետք է վերջանա: «Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո Տարոն Մարգարյանը, լինելով Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, չի ներկայացնում երևանցուն»,- ասաց նա:

Սիմոնյանը նաև ներկայացրեց ընթացակարգը, թե ինչպես է ընտրվելու նոր քաղաքապետ, եթե Տարոն Մարգարյանը հրաժարական տա: Նա հայտնեց, որ այդ դեպքում Երևանի ավագանին իր կազմից ընտրում է նոր քաղաքապետ: Եթե երեք անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, և տեղի են ունենում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ իր համար իդեալական տարբերակ է նոր ընտրությունների անցկացումը, սակայն հավելեց, որ այս փուլում, միգուցե, այդ տարբերակն այնքան էլ նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով, որ օրակարգում նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում