Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները

Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լուծել զինված ուժերում սննդի և զինծառայողներին տրամադրվող հագուստի որոշ պարագաների որակը: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին: «Կան խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծվեն: Մասնավորապես, զինվորներին տրամադրվող և սննդի, և հագուստի որոշ պարագաների որակի հարցը: Այդ հարցով արդեն հանձնարարել եմ, որ լրջորեն զբաղվեն, որովհետև կան մեխանիզմներ, որոնց նպատակահարմարությունը խիստ կասկածի տակ է, և մենք պետք է այս հարցում արդյունավետությունը բարձրացնենք: Ես ակնկալում եմ նաև ծնողների ակտիվությունը, որովհետև շատ դեպքերում պաշտոնական զեկույցներով հասնող տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք և դրա ամենաարդյունավետ խողովակը անմիջապես զինվորների ծնողներից տեղեկատվություն ստանալն է: Ես նրանց կոչ եմ անում ակտիվորեն համագործակցել կառավարության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև զինծառայողներին հիգիենայի անհրաժեշտ պարագաներով ապահովելու խոստմանը՝ հիշեցնելով, որ իր առաջին գործերից մեկը եղել է այն, որ հրավիրել է զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչներին քննարկելու այդ հարցը: «Ես արել եմ հայտարարություն ու ծնողներին խնդրում եմ իրենց երեխաներին չուղարկել այն պարագաները, որոնցով ապահովելու պարտավորությունը կրում է պետությունը: Իսկ եթե զինվորները զանգում են և ասում, որ կարիք ունեն նման պարագաների, ես պնդել եմ, որ նրանք դիմեն մամուլին, որպեսզի մենք արագ արձագանքենք և հետևություններ անենք: Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արվել են հավաստիացումներ, որ իրենք ի վիճակի են ամբողջությամբ բավարարել այն կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբեմն ծագում են նաև անսպասելի խնդիրներ, որովհետև վարչապետի կողմից տրված հրամաններն ու հանձնարարականները բանակի պաշտոնյաների կողմից մեկնաբանվում են շատ կամայական, ես ցանկանում եմ հրապարակային ասել, որ այն, ինչ ասում եմ, ոչ թե զինվորների կյանքը բարդացնելու այլ նրանց կյանքը հեշտացնելու մասին է: Հրամանատարներին կոչ եմ անում այդ հրահանգները հակառակ կերպ չմեկնաբանել»,- ասաց նա:

Արձագանքելով ՀՀ վարչապետի պատասխանին՝ Ջեմմա Բաղդասարյանը շեշտեց, որ խնդիրը բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի՝ խոստանալով հետամուտ լինել, որ տրված խոստումները կատարվելու են:

ՀՀ վարչապետն էլ ընդգծեց, որ դրա համար միայն շնորհակալ կլինի: «Իրականում կան խնդիրներ, որոնց լուծմամբ զինված ուժերի գլխավոր շտաբը ինտենսիվորեն զբաղվում է: Մենք նպատակ ենք դրել պետական եկամուտներն ավելացնել, իսկ դա ունենալու է իր ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև զինված ուժերում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում