«Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար

«Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով»:

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, և «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, և հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել ևս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է: Թերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին: Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում