Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով

Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է իրեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատից զրկելու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով Ալեն Սիմոնյանը նշում է, որ Երևանի քաղաքապետն այդ քայլն արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակներն ու հնարավորությունները, առկա բացերը օգտագործելով: «Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ կարողանամ ընտրություն կատարել, և ինքը դա արել է ոչ թե ելնելով իրավական հիմքերից, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»,- ասել է Սիմոնյանը:

Նա հավաստիացրել է, որ շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով, ինչը արել է նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, քանի որ ծնվել, մեծացել և ապրում է Երևանում: «Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն դիմադրում են: Չի ստացվելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, դուք դա շատ շուտով կտեսնեք: Պատրաստվում խնդրել Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը, որպեսզի ինձ հնարավորություն տա մասնակցել ավագանու առաջիկա նիստին, որը կայանալու է մայիսի 30-ին: Ցավոք, չեմ կարողանա որպես ավագանու անդամ մասնակցել, սակայն պատրաստվում եմ այդ նիստին մասնակցել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում