Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջեց Սյունիքում

Ֆուտբոլի Հայաստանի գավաթը  շրջեց  Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 21-ի Սյունիքի մարզն առաջին անգամ ընդունել է Ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը «Գանձասար-Կապանը» հաղթանակ տանելով «Ալաշկերտի» նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր: Սյունիքի թիմը իր երկրպագուների ու սյունեցիների հետ նվաճած հաղթանակը կիսելու համար շրջագայություններ է իրականացրել մարզի համայնքներում, հանդիպել երկրպագուների հետ, կիսվել խաղից ստացած տպավորություններով:

Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու մարզչական կազմին սյունեցիները ընդունել են մեծ խանդավառությամբ: Ֆուտբոլիստների պատվին մարզի բոլոր համայնքներում տոնական միջոցառումներ անցկացվեցին: Տոնակատարություններին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզում Գավաթի պաշտոնական ներկայացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած հաղթանակը համատեղ ջանքերի ու բոլոր սյունեցիների աջակցության արդյունքն է: Սյունիքի մարզպետն ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների:

Տեղեկացնենք, որ առաջիկայում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է մասնակցել Եվրոլիգայի որակավորման փուլի խաղերին

Հետևեք մեզ նաև Telegram-ում