Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը

Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի ճակատամարտը Հայաստանի համար բեկումնային իրադարձություն էր, քանզի դրա շնորհիվ փրկվեց հայկական պետականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին տեսակամուրջի ընթացքում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Սարդարապատի ճակատամարտը, որը փաստորեն փրկել է հայկական պետականությունը, պատմության հենց այն էջն է, որը պարտադիր պետք է իմանան նաև Ռուսաստանում: Անհնար է գերագնահատել այդ ճակատամարտի նշանակությունը: Սակայն կա նաև մեկ այլ ասպեկտ, որը պակաս կարևոր չէր` ճակատամարտը կանգնեցրել է պանթուրքական ուժերի հարձակումը, որոնք շատ վտանգավոր էին, ոչ միայն Հայաստանի, Անդրկովկասի, այլև Ռուսաստանի համար»,- նշեց Նադեին-Ռաևսկին:

Նրա խոսքով՝ եթե չլիներ այդ հաղթանակն, ապա ամեն ինչ շատ տխուր կավարտվեր` թուրքերը դեպի Երևան էին շարժվում (1936 թ. ռուսական անունը` Էրիվան):

«Ռուս դպրոցականները պետք է իմանան իրենց ամենամոտ դաշնակցի, ընկերոջ պատմությունը, քանի որ խոսքը ուղղակի ինչ-որ տակտիկական միության մասին չէ: Հայերը շուտվանից դարձել են ռուսական պատմության և մշակույթի մի մասը, օրինակ` Հովհաննես Այվազովսկին, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլք»,– նշեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում