Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել

Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները և այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Վերջինս ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն է:

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերների համատեքստում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առաջացող իրավական խնդիրների արդիականությանը, ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հիմնահարցեր և առաջարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:

Ընդգծվել է, որ հիմնվելով այս ոլորտում ունեցած փորձի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար գործուն միջոցներ են ձեռնարկվում մոտեցումները միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ:

Միջոցառման մասնակիցներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրերի կարևորությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է, նախորդ 4 ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը:

Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում