Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջիկայում կքննարկի և կառաջարկի լուծում կարևորագույն մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի բարձրացրած հարցին:

«Շատ մշակութային միջոցառումներ կիսադատարկ դահլիճներում են անցկացվում: Ուզում եմ հավաստիացնել, որ հազարավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ թե որպես հանդիսատեսներ, թե որպես արտիստներ մեծ սիրով կայցելեին, եթե դրանք հարմարեցված լինեին»,-ասաց Ալավերդյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ պետք է շատ արագ քայլ ձեռնարկեն կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու համար: Դրանք պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: «Կառավարությունն առաջիկայում այս հարցը կքննարկի և լուծումներ կառաջարկի: Նույնիսկ կարելի է այդ թեման քննարկել դոնոր կազմակերպությունների հետ»,– ասաց վարչապետն ու հավաստիացրեց, որ միջոցներ հաստատ կգտնվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում