Կառավարությունը մշակութային կազմակերպություններին կֆինանսավորի նաև անուղղակի կերպով

Կառավարությունը մշակութային կազմակերպություններին կֆինանսավորի նաև անուղղակի կերպով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարություն մշակութային կազմակերպությունների համար կվարի այնպիսի քաղաքականություն, որով հավասար մրցակցային դաշտ կստեղծվի: Շատ մշակութային կազմակերպությունների կֆինանսավորեն անուղղակի կերպով՝ մարդկանց ուղղորդելու են գնալ համերգասրահներ, որն էլ իր հերթին կբերի եկամուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մեր խնդիրը չպետք է լինի բոլոր մշակութային կազմակերպություններին պետական կարգավիճակ տալը և քիչ միջոցներն ավելի նվազեցնելը: Մենք, իհարկե, պետական միջոցների մեծացման խնդիր ենք դրել, սակայն կարծում եմ, որ պետք է ապահովենք հավասար դաշտ: Մշակութային կազմակերպությունների համար պետք է վարենք այնպիսի քաղաքականություն, որպեսզի ապահովենք հանդիսատեսի: Հանդիսատեսն էլ իր հետ կբերի ֆինանսավորում»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ երբ որևէ կազմակերպության ֆինանսավորում են, սակայն նրա համերգները շարունակում են անցնել կիսադատարկ դահլիճներում, նշանակում է, որ պետական միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում: Պետք է մարդկանց ուղղորդեն դեպի համերգասրահներ, իսկ կազմակերպությունները կամ խմբերն իրենք կարողանան ավելի գրավիչ դառնալ մարդկանց համար: «Այսինքն՝ մենք պետք է ֆինանսավորենք անուղղակի ձևով: Հանդիսատեսը ևս պետք է ազդի բեմում տեղի ունեցող գործընթացների վրա, իսկ բեմը՝ հանդիսատեսի կրթական մակարդակի բարձրացման վրա»,-եզրափակեց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում