«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շարունակի միավորել հայերին. կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շարունակի միավորել հայերին. կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 25-ին կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահի խոսքով` հոգաբարձուների խորհրդի նիստը հրավիրվել է պատմական օրերին, երբ նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

«Ի սրտե շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, այս պատմական իրադարձության առթիվ: Հայաստան համահայկական հիմնադրամն իր առջև դրված խնդիրներ ունի, սակայն կարծում եմ, որ կարևորագույններից մեկը համախմբման առաքելությունն է, որ ավելի քան արդիական է այսօր: Հիմնադրամը պետք է շարունակի միավորել ՀՀ քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են, համահայկական ջանքերի արդյունք են»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով, հիմնադրամը պետք է տարեց տարի կատարելագործի մեթոդներն ավելի մեծ արդյունք գրանցելու, հավակնոտ ծրագրեր գործարկելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր:

«Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետև, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը»,- ասաց վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2017 թ-ի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և ներդրում ունեն նրա 22 տեղական մարմինները, որոնք ներկայում գործում են աշխարհի 19 երկրում:

Արա Վարդանյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է տարբեր երկրներից ժամանած տեղական մարմինների ներկայացուցիչների հետ այցելում են Արցախի և Հայաստանի տարբեր համայնքներ՝ ծանոթանալու հիմնադրամի տարբեր ծրագրերին:

«Կարծում եմ, որ արտահայտում եմ բոլոր տեղական մարմինների կարծիքն առ այն, որ նոր կառավարության հռչակած օրակարգը և դրա հաջող իրագործումը միանշանակ նպաստավոր կլինի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից Սփյուռքում տարվող աշխատանքներին»,-ասաց Արա Վարդանյանը:

Նրա խոսքով, տարիներ ի վեր խոսվում է այն մասին, որ Սփյուռքն օգտագործվում է որպես դրամահավաքի կազմակերպման միջոց, մինչդեռ Սփյուռքը շատ ավելի մեծ դեր պետք է ունենա Հայաստանի ու Արցախի զարգացման գործում: «Հայաստան համահայկական հիմնադրամը հայը հային օգնելու գործիք է»,-ասաց Արա Վարդանյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց առաջարկություններով հանդես եկան: Մասնավորապես, խորհրդի անդամ Արսեն Ղազարյանն առաջարկեց, որ գործարարները, բիզնես հատվածը ևս մասնակցություն ունենան հիմնադրամի դրամահավաքության գործում:

« Հիմնադրամի աշխատանքներն ապացուցել են, որ ամենավստահելի կառույցներից մեկն է: Ես, որպես հայաստանյան գործարար, թվերը համադրելով, ասում եմ՝ 1000 խոշոր հարկատու ունենք, եթե յուրաքանչյուրը հանգանակություն կատարի, ապա կարծում եմ, որ կունենանք տարեկան 10 մլն դոլար Հայաստանից ներդրում: Առաջարկում եմ, այս քարոզչությունը ճիշտ տանել»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Խորհրդի նիստում հնչեցին կարծիքներ, որ Հայաստանի պետական կառույցները, եկեղեցին նույնպես տարվա կտրվածքով ներդրում կատարեն: Առաջարկին արձագանքեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Եկեղեցին մշտապես իր աջակցությունն է տրամադրել հիմնադրամին: Դեռևս 92-թվականին, երբ հռչակվեց հիմնադրամի ստեղծումը, եկեղեցու կողմից հորդոր եղավ, որպեսզի ժողովուրդը զորակցություն հայտնի: Այդ օրից եկեղեցին իր սրբազան պարտքը համարեց աջակցելու, զորակցելու հիմնադրամին ոչ միայն կոչերով, այլև ներդրումներ իրականացնելով»,-ասաց վեհափառը: Նա նշեց, որ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, ամբողջ ծախսերը ձևավորվում են նվիրատվություններից: Կաթողիկոսը ճիշտ չի համարում առանձնաբար հանգանակություն իրականացնի, որ այդ հանգանակություններից գոյացած գումարը փոխանցի հիմնադրամին:

«Ամենայն հայոց հայրապետությունը զանազան բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր ոլորտներում: Որքան հիշում եմ, 25 հազար հայորդիներ օգտվել են նախորդ տարի եկեղեցու կողմից իրականացրած բարեգործական ծրագրերից: Այդ ուղղությամբ գումարը կազմել է 3 մլն դոլար: Մենք այն բարձրաձայնումների ունկնդիր ենք եղել, որ եկեղեցին ներդրումներ կատարի հիմնադրամի հաշվին: Մենք խոսել ենք թեմակալ առաջնորդների հետ, տեղեկացրել այս առաջարկության մասին: Միանշանակ պատասխան է եղել, որ ակտիվորեն մասնակցում են հիմնադրամի գումարների հավաքագրման և բարերարներին խրախուսելու առումով: Բայց եթե նման հարց է հնչում, մենք կարող ենք քննարկել»,-ասաց կաթողիկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում