Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան

Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, panorama.am: Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին հուզում է Հայաստանի թատրոնի շենքերի վիճակը: Մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա բարփրացրեց նաև թատրոնների օպտիմալացման հարցը: «Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է»,-ասաց նա: Ծատուրյանը խոսեց նաև Գյումրիից երիտասարդների հեռանալու մասին, ընդգծեց՝եթե Երևանից գնում են միայն Ամերիկա և Եվրոպա, Գյումրիից գալիս են Երևան, Ամերիկա և Եվրոպա. դերասանը ավարտեց, տեսավ անելիք չունի, գնում է:

Ծատուրյանին անհանգստացնում էր նաև Թիֆլիսում հայկական թատրոնի շքեղ շենքի կառուցումը: «Վրացիք սովորություն ունեն անգամ հայկական եկեղեցին դարձնել իրենցը, այստեղ վտանգ եմ տեսնում. այնտեղ քիչ հայ է մնացել, առաջին երկու ամիսը թատրոնի դահլիճը հայերը կլցնեն, հետո արդեն վրացիները կգան: Հայկականը կվերանա ու կդառնա իրենցը: Իմ առաջարկն է շաբաթ-կիրակի Գյումրիից, Երևանից, Վանաձորից մարդկանց ավտոբուսներով տանենք, թող այնտեղ թատրոն նայեն, շատ կարևոր է դա»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ մայիսի 30-31-ին պաշտոնական այցով գտնվելու է Վրաստանում, որտեղ, ամենայն հավանականությամբ, հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգ են քննարկելու, ուստի խոստացավ անդրադառնալ նաև այս ոլորտում առկա հարցերին: Նա ընդգծեց՝ այն խնդիրը, որ կա գյումրեցու, երևանցու համար, դա կա նաև թիֆլիսահայի համար:

«Ասում եք՝ Գյումրիից, Վանաձորից ուղարկենք թատրոն, բա Երևանում ո՞վ գնա, ավելի լավ չի՞՝ թիֆլիսահայը գնա թատրոն, մենք անընդհատ ուզում ենք օպերացիաներ իրականացնել՝ թատրոն լցնելու համար, այնինչ՝ մեր խնդիրը դա սովորական դարձնելն է»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում