Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,– ասված է հայտարարության մեջ:

Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մայիսի 22-ին: Նա այդ քայլը հիմնավորել էր նրանով, որ ցանկանում է պահպանել Երևանի ավագանու անդամի մանդատը և շարունակել զբաղվել Երևանի խնդիրներով: Սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն մայիսի 25-ին կայացած արտահերթ նիստում քննարկել էր Երևանի քաղաքապետի արձանագրությունը և որոշում կայացրել Ալեն Սիմոնյանի թափուր մանդատը փոխանցել Նարա Հովհաննիսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում