Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է:

«Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- պատմեց նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը:

Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

«Մարդն այդ գործիքն առաջին անգամ դնում է ականջին ու լսում է. այդ տեսարանից ցանկացածը կարող է հուզվել: Երեխաների առջև նոր կյանք է բացվում»,- իր ուրախությունը փոխանցեց ՀՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:րագրողի այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը հազարավոր տարիներ գոյություն ունի, և մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը խորն է: «Դուք չեք փոխվել հեղափոխությունից առաջ և հետո, պարզապես այսօր ավելի ազատ եք, ավելի եռանդուն եք: Իմ երդմնակալության ժամանակ ասացի, որ երազում եմ երիտասարդ Հայաստանի մասին, պարզվեց՝ երազել պետք չէ. երիտասարդ Հայաստանը դուք եք, և դա ակնհայտ է: Էլթոնն էլ իր խոսքում ասաց, որ այն եռանդը, որը կա քաղաքում տեսանելի է՝ չնայած ընդամենը մի քանի ժամ է այստեղ»,- նշեց նախագահը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը, որի բարեգործական ծրագրի շրջանակում մայիսի 26-ին Հայաստան է ժամանել Էլթոն Ջոնը, ստեղծել է Արմեն Սարգսյանը 2010 թվականին:

Այն իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր. դրանցից մեկը «Save the children» կազմակերպության հետ է կյանքի կոչվում: Շենքի առաջին հարկը տրամադրված է անդամալույծ կամ դժվարություններ ունեցող երեխաներին, որոնք հարյուրից ավել են և շատանում են: Շաբաթվա ընթացքում նրանք մի քանի անգամ այցելում են հիմնադրամ թերապիաներ անցնում, որոնք երեխաներին վերադարձնում են կյանք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում