ՊԵԿ-ը ժամանակ է տվել «Երևան Սիթի»-ին և մի շարք ընկերություններին օրենքի դաշտ վերադառնալու համար

ՊԵԿ-ը ժամանակ է տվել «Երևան Սիթի»-ին և մի շարք ընկերություններին օրենքի դաշտ վերադառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, aysor.am: Խոշոր հարկ վճարող ընկերություններին ՊԵԿ-ը զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ-ները՝ օրենքով սահմանված կարգով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ստուգումներ են սկսվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։

Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը.

«Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն», – նշեց ՊԵԿ նախագահը։

Նա նաև տեղեկացրեց, որ ստուգումներ անձամբ իրենք չեն իրականացնում և ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել է, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում։

Անանյանը նշեց, որ խոսքը գյուղմթերքների է վերաբերում, քանի որ ձեռքբերողից փաստաթուղթ չի վերցվում և ԱԱՀ չի վճարվում.

«Իրենք առաջարկել են, որ գյուղմթերքների վաճառքն անհատ ձեռնարկատերերով լինի, որպեսզի իրենք 5 տոկոսի հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն։ Մասնագիտական տեսակյունից դա հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս», – հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում