Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ինքնակամ գալ օրինականության դաշտ և չստել պետությանը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ինքնակամ գալ օրինականության դաշտ և չստել պետությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները՝ կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ, որակում է ոչ թե որպես վենդետա, այլ օրինականության հաստատում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույցում՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: «Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է, և այն, որ մենք հայտարարել էինք, թե վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց սա որևէ մեկը թող չընկալի որպես թուլության նշան: Այո, վենդենտաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը սա մեկնաբանի որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պետության նկատմամբ իրենց պարտավորությունները լիարժեք կատարեն և ոչ ոք թող չհամարձակվի ստել պետությանը: «Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ-ի կողմից տեղի չունենա: Այո, ինչ խնդիր դրվի ԱԱԾ-ի առջև, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում