«Հրապարակ». Թորոսյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը միաձայն չի կայացվել

«Հրապարակ». Թորոսյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը միաձայն չի կայացվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախ հայտարարություն տարածեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը, որ դուրս է գալիս խմբակցությունից, ապա ՀՀԿ խմբակցության որոշումը տարածեցին՝ նրան հեռացնելու մասին։ Մենք տեղեկացանք, որ որոշումը չի կայացվել միաձայն, ձեռնպահ է եղել եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, ով բացատրել է, որ Թորոսյանի հետ հարևաններ են՝ ամեն օր իրար երես են նայում։

Թորոսյանի ճակատագիրն անցած շաբաթվա նիստում է որոշվել, սակայն, կուսակցության կանոնակարգի համաձայն, քվեարկությունը 7 օր հետո պետք է կազմակերպվեր։ Որոշումից հինգ պակաս հայտարարության մեջ Թորոսյանն ասել էր, որ լքում է խմբակցությունը՝ «հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իր քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը»։

Երեկ խմբակցությունից հեռացավ նաև Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը։ ՀՀԿ-ի համար դա ևս անսպասելի չէր, դեռ Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ նա ցանկություն է ունեցել «կողմ» քվեարկելու, սակայն, որպեսզի ամեն ինչ «ճշտով» լինի, հետաձգել է որոշումը։ Չի բացառվում, որ նրանց հետևողներ լինեն, անկախ պատգամավորների թիվը մեծանա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում