ՊԵԿ փոխնախագահը համաձայն չէ, որ իրենք թերացել են իրենց գործառույթներում

ՊԵԿ փոխնախագահը համաձայն չէ, որ իրենք թերացել են իրենց գործառույթներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը կարծում է՝ Հայաստանում յուրաքանչյուր գործարք ճիշտ փաստաթղթավորելու դեպքում վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, և կապահովվի հարկային եկամուտների էական աճ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշեց, որ իրենց կոմիտեի գերակա նպատակը հենց գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումն է Հայաստանում: Ռաֆիկ Մաշադյանն այս մասին խոսեց՝ ի պատասխան լրագրողների այն հարցադրմանը, թե ՊԵԿ-ն ինչու իր գործառույթը ժամանակին չի կատարել, որ այսօր դա անում է Ազգային անվտանգության ծառայությունը: «Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ: Աշխարհում չկա մի երկիր, որում ստվեր գոյություն չունենա»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ բնական է, որ խոշոր հարկ վճարողներն են ստուգումների թիրախում, քանի որ Հայաստանում հարկային եկամուտների 80 տոկոսն ապահովում են հենց այդ տնտեսավարողները:

«Արդյոք մտավախություն չունե՞ն, որ ԱԱԾ գործողություններից հետո խոշոր հարկ վճարող ընկերությունները դադարեցնեն գործունեությունը» հարցին ի պատասխան՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատական տալ, որ այդ գործընթացի արդյունքում բիզնես կփակվի: Իմ կարծիքով՝ բիզնեսն այնպես պետք է կառուցել, որ այն գոյատևի ու արդյունքներ տա՝ ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Ինչ վերաբերում է ստուգումների արդյունքում հարկային մուտքերի ավելացմանը, ապա ՊԵԿ փոխնախագահը նախ նշեց, որ ստուգումներ իրականացնում է ոչ թե իրենց գերատեսչությունը, այլ ԱԱԾ-ն, որի կողմից խնդիրներ արձանագրելու դեպքում ընկերությունները ստուգման ակտերով օրենքով սահմանված ժամկետով կպարտավորեցվեն վճարման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում