«Երևան սիթիի» գլխամասային գրասենյակը փակ է. ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում

«Երևան սիթիի» գլխամասային գրասենյակը փակ է. ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Tert.am: «Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակը փակ է. Tert.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ այն փակ է երեկվանից: Գրասենյակի առջև բազմաթիվ մեքենաներ կան, այդ թվում՝ «ինկասացիայի»:

Tert.am-ի թղթակիցը շենքի հետնամասում ականատես է եղել, թե ինչպես է դիմակավորված, համազգեստ կրող անձինք մի քանի քաղաքացիներիների ուղեկցում են դեպի ավտոմեքենաներ:

Հիշեցնենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք կապ չունեն:

«Այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»,-ասված է հերքման տեքստում:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը վստահեցրել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում Պետական եկամուտների կոմիտեն որևէ ստուգում չի իրականացնում: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ իր տեղեկություններով՝ տվյալ տնտեսավարողի մոտ գործողություններ է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը։

Լրագրողները Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվել էին՝ արդյո՞ք այն, որ ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում, չի նշանակում, որ ՊԵԿ-ը պատշաճ իր լիազորությունները տևական ժամանակ չի իրականացրել։

«Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողություններն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի հետևանքով վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չէր լինի», – ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում