Կարեն Աղամյանը կարևոր իրադարձություն է համարում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակութային գործիչների հետ

Կարեն Աղամյանը կարևոր իրադարձություն է համարում Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը մշակութային գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ մեր երկրում պետք է մշակել մի օրենք, որը կհամակարգի ստեղծագործական միությունների և պետության միջև կապը: Աղամյանն առաջարկում է նաև վերամշակել Հայաստանի զինանշանը: Այս մասին նա հայտնել էր մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մշակութային գործիչների հետ հանդիպմանը:

Հանդիպումից ունեցած տպավորությունների և իր մտահոգությունների մասին Աղամյանը խոսեց մայիսի 30-ին լրագրղների հետ հանդիպման ժամանակ:

«Երկրի վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումը շատ կարևոր իրադարձություն էր: Այն անցավ անկաշկանդ մթնոլորտում` չնայած ժամանակը չբավականացրեց, որ բոլոր ներկաները բարձրաձայնեն իրենց հուզող հարցերի ու խնդիրների մասին»,-նշեց Կարեն Աղամյանը:

Միության նախագահի խոսքով` ինքը շատ հարցեր ուներ, սակայն խոսել է ընդամենը երկուսի մասին: «Անդրադարձա Նկարիչների միության և առհասարակ ստեղծագործական միությունների կարգավիճակին: Անկախության տարիներին այդպես էլ չհստակեցվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործական միություն: Խնդիրը հետևյալն է` զարգացած երկրներում ստեղծագործական միությունների և ստեղծագործող անձի մասին օրենքներ գոյություն ունեն, իսկ Հայաստանում դեռ նման բան չկա: Էստոնիայում Նկարիչների միության համար առանձին օրենք է սահմանված, Գրողների միության մասին այլ օրենք է գործում, և այսպես շարունակ: Մենք ոչ մեկը չունենք: Չի կարելի, որ ստեղծագործական միությունը գործի նույն օրենքներով, որոնցով գործում է օրինակ գարեջրասերների հասարակական կազմակերպությունը»,-շեշտեց Աղամյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանից այդ հարցին ստացած պատասխանն իրեն գոհացրել է:

Հիշեցնենք, որ այդ հարցի շուրջ խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է հասկանալ, թե ինչն է խնդիրը, և, եթե օրենքի անհրաժեշտություն կա, և դա պետք է օգնի, կարելի է քննարկել օրենքի ընդունումը, բայց ինքը ցանկանում է, որ մենք չկորցնենք մեր ամենակարևոր թիրախը քաղաքացուն մշակույթի և արտիստի հետ կապելու մեր բարձրագույն նպատակը:

Երկրորդ հարցը վերաբերել է Հայաստանի ներկայիս զինանշանի վերամշակմանը: «Խոսքը զինանշանը փոխելու մասին չէ. առաջարկում եմ պարզապես շտկումներ իրականացնել զինանշանի վրա` պահպանելով Սահմանադրության բոլոր կետերը` զինանշանի հետ կապված»,-ընդգծեց Կարեն Աղամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում