Իսրայելի Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի նամակն՝ ուղղված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին

Իսրայելի Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի նամակն՝ ուղղված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Իսրայելի Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով, այլ քանի որ դա ճիշտ եւ բարոյական քայլ է: Այս մասին նշել է Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը՝ Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս շաբաթ ընդհանրապես նախատեսված չէր ընդգրկելու Կնեսետի օրակարգում, հետևաբար հարցը երբեք չի «մերժվել»: Ավելին, նշեմ, որ ես չեմ խոչընդոտել հարցի (օրակարգում) ընդգրկելուն՝ ոչ իմ գործողությամբ, ոչ էլ ակնարկով: Չեմ հրաժարվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասած իմ ոչ մի խոսքից: Այսօր եւս ես հավատարիմ եմ հարցի վերաբերյալ իմ կեցվածքին, որն ապացուցել եմ անցնող տարիներին շարունակաբար եւ իմ կեցվածքն է, որ Իսրայելի Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա ճիշտ եւ բարոյական քայլ է եւ ոչ թե ճանաչի այն քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով: Ես խնդրում եմ Ձերդ Ամենապատվությանը հանգստացնել Ձեր միտքը: Այն պահին, երբ համոզվենք, որ պատմական այս ճանաչման համար Կնեսետում կա մեծամասնություն, (Հայոց ցեղասպանության ճանաչման) հարցը կընդգրկենք լիագումար նիստի օրակարգ»,-ասված է նամակում:

Յուլի Էդելշտեյնը նշել է, որ այդ նպատակի համար ինքը պետք է իր կարողության սահմաններում անի ամեն ինչ: Նա հույս ունի, որ իր ջանքերը կտան դրական արդյունք:

«Մեր հաղթանակով նաեւ մեր հայ բարեկամները կհաղթեն: Ես չեմ վախենում երկար ճանապարհից»,-ասել է Յուլի Էդելշտեյնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում