ՊՆ-ն սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժերի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. Դավիթ Տոնոյան

ՊՆ-ն սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժերի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, aysor.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն», – ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ:

«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապոտության տարածքն է», – ասաց նա:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում