Արմեն Սարգսյանը երեխաների համար կատարյալ Հայաստանը պատկերացնում է առանց շուրջօրյա խնամքի հաստատությունների

Արմեն Սարգսյանը երեխաների համար կատարյալ Հայաստանը պատկերացնում է առանց շուրջօրյա խնամքի հաստատությունների

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանն այնպիսի երկիր պետք է լինի, որ երեխաների խնամքի հաստատությունների կարիք չզգացվի: Բոլոր երեխաները պետք է լիարժեք երջանիկ լինեն իրենց ընտանիքներում: Նախագահ Սարգսյանը նման կարծիք հայտնեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» բարեգործական կազմակերպություն այցի ժամանակ:

«Երեխաները մեր սերն են, մեր կյանքն ու ապագան: Շատ ուրախ եմ, որ այսօր «Օրրան»-ի սաների հետ եմ անցկացնում: Շատ էի լսել այստեղի փայլուն աշխատանքի մասին: Ի դեմս ինձ և տիկնոջս, բոլոր ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում այն հոյակապ գործի համար, որ անում է «Օրրան»-ը»,-ասաց նախագահն ու հավելեց՝ սա իր առաջին այցն էր, սակայն հավաստիացրեց՝ վերջինը չի լինի:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի երկիր պետք է լինի Հայաստանը, որում երեխաներն իրենց լիովին պաշտպանված զգան, Արմեն Սարգսյանն ասաց՝ մի օր այնպիսի երկիր պետք է լինի, որ հիմնադիր Հովհաննիսյան զույգն «Օրրան»-ը փակի: «Այսինքն՝ այնքան լավ լինի երկիրը, որ այսպիսի կենտրոնների կարիք չլինի: Յուրաքանչյուր երեխա իր դպրոցում և տանը պետք է ստանա այն ամենը, ինչի կարիքն ունի»,-ասաց նախագահն ու հավելեց՝ սակայն կարծում է, որ դեռ բավականին ժամանակ և քրտնաջան աշխատանք է պետք, որ այսպիսի կենտրոնները մի օր փակվեն և բոլոր երեխաները լիարժեք երջանիկ լինեն իրենց ընտանիքներում:

Արմեն Սարգսյանը նշեց՝ իր կինն ավելի երջանիկ է, քանի որ ավելի շատ ժամանակ ունի թոռների հետ անցկացնելու: «Երբ պապիկ ես դառնում, շատ ավելի ես գնահատում և հասկանում փոքր երեխաներին, քան ծնողը: Ծնող եղած ժամանակ ես և իմ շատ ընկերներ մտածում էինք, որ երեխաները պետք է շարունակեն մեզ պես ապրել: Սակայն, երբ մեծանում ես, ավելի իմաստուն ես դառնում ու հասկանում, որ յուրաքանչյուր երեխա ծնվում է հանճարեղ, ունի որոշակի տաղանդ և իր կյանքը պիտի ունենա: Իսկ քո գործն է՝ օգնել նրան, որ իր տաղանդը հայտնաբերի: Յուրքանչյուր երեխա անհատականություն է»,-ասաց նա ու հավելեց, որ հիմա իր թոռների անհատականությունն ավելի շատ է տեսնում, քան ժամանակին իր երեխաներինը:

Երեխաների հետ նախագահը հիշեց նաև իր մանկությունը: Ապրել է Դեմիրճյան փողոցում: Ինչպես ինքն է ասում՝ ունեցել է և պայծառ և տխուր օրեր: «Հոյակապ օր եմ ունեցել, երբ 1963-ին տատիկս արտասահմանից եկավ մեզ այցելության: Սակայն ունեմ նաև տխուր հիշողություններ, երբ 1964-ին հայրիկիս կորցրեցի, երբ դեռ 11 տարեկան էի: Ես ունեցել եմ սովորական հայ երեխայի մանկություն»,-հիշեց նա:

Նախագահ Սարգսյանը շնորհավորեցին բոլոր հայ երեխաներին՝ թե Հայաստանում, Արցախում և թե Սփյուռքում ապրող: Նա շնորհավորեց նաև հայաստանցի բոլոր երեխաներին, որոնք հայ չեն, բայց ապրում են այստեղ և նվիրված են այս երկրին:

Սան Վարվառա Տոնիկյանն ասում է՝ շատ երազանք ունի: «Ուզում եմ մեծանալ, բժիշկ դառնալ ու մեծ ընտանիք ունենալ,-ասաց նա ու հավելեց, որ բոլոր երեխաներին մաղթում է առողջություն և ուրախություն:

Արդեն 15-րդ տարին է, որ «Օրրան»-ի սաներն իրենց հարկի տակ հյուրերի և լրագրողների հետ են նշում հունիսի 1-ը: Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն այս տարվա հունիսի 1-ն առանձնացրեց նրանով, որ միացել էին նախագահն ու իր տիկինը, նաև ազգային փոքրամասնությունների երեխաները: «Նախագահի այցն անակնկալ էր երեխաների համար: Ներկա էին ամենափոքր սաները ՝ 5-8 տարեկան»,-նշեց նա:

«Օրրան»-ը իրականացնում է նաև մեծահասակների խնամք: Նրանք առավոտյան գալիս են և կերակուր ստանում: Իսկ կեսօրին՝ դպրոցից հետո գալիս են երեխաները, սնունդ ընդունում, դասապատրաստում անում: Կենտրոնն ունի մինչ 17 տարեկան սաներ: Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ սակայն սաները երբեք չեն թողնում իրենց, կատակեց՝ «Օրրան»-ը նույնիսկ թոռնիկներ ունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում