Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ է ցանկանում փոփոխություններ կատարել երկրում, ինչը լավ է. Մուրադ Փափազյան (տեսանյութ)

Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ է ցանկանում փոփոխություններ կատարել երկրում, ինչը լավ է. Մուրադ Փափազյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ֆրանսահայ համայնքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ժողովրդական պայքարի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությանը:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Կարող եմ ասել, որ հայկական աշխարհը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեջ շատ լավ ընկալեց այս փոփոխությունը, այն անհրաժեշտ էր: Երբ հայ ժողովուրդը խոսում է, իր կամքն է արտահայտում, պետք է հարգել դա: Փաստը դա էր, ժողովրդի կամքով կարող ենք փոփոխություններ արձանագրել»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի նկատառմամբ՝ մինչև հիմա պարզապես խոստումներ են հնչում, բայց արդեն ժամանակն է գործելու: «Հիմա է, որ սկսվում է ամենադժվար շրջանը: Հեղափոխությունը դեռ չավարտվեց: Հեղափոխությունը պետք է որ շարունակվի, և այդ խոստումները, որ ժողովրդական շարժմանը Փաշինյանը տվեց, պետք է հարգվեն»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ պատրաստ է կանգնել ՀՀ նոր իշխանությունների կողքին, Մուրադ Փափազյանը մատնանշեց՝ Ֆրանսիայի կառավարությունը վերջին երեք նախագահների օրոք «պրո-հայկական» է եղել:

«Սփյուռքի ակտիվությունն այս տասնյակ տարիներին գնահատելի է: Մենք Ֆրանսիայի մեջ հայ ենք անշուշտ, բայց նաև ֆրանսիացի ենք: Ուրեմն պատճառ չկա, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները չշարունակվեն, և պատճառ չկա, որ չլավանան: Շեշտը պետք է դնենք նրա վրա, որ առաջին հերթին զարգանան տնտեսական կապերը,- ասաց նա՝ նշելով, որ դեռ շատ մեծ պոտենցիալ կա հարաբերություններ զարգացնելու,- բայց Հայաստանը նաև պետք է վստահություն ներշնչի, որ ներդրումներ լինեն Հայաստանում: Այդ խոստումը, որ տրվեց թե՛ Հայաստանի ժողովրդին, թե՛ այլ երկրներին, որոնք ունեն Հայաստանի հետ հարաբերություններ, պետք է կատարվեն, որպեսզի վստահություն լինի»:

Ֆրանսահայի խոսքով՝ հաշվի առնելով այս օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գործելակերպը՝ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ է ցանկանում փոփոխություններ կատարել երկրի մեջ: «Դա լավ է, որովհետև այդպես վստահություն կարող ենք ներշնչել թե՛ ներսում, թե՛ դրսում: Պետք է քաջալերել այդ մեթոդը, որ արագ հաջողություններ և արդյունքներ արձանագրենք»,- ասաց նա՝ նշելով, որ դա միակ ձևն է, որով կփաստվի, որ երկիրը փոփոխությունների մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում