Բենեդիկտ Քամբերբիչն անծանոթին փրկել է փողոցային ավազակախմբի հարձակումից

Բենեդիկտ Քամբերբիչն անծանոթին փրկել է փողոցային ավազակախմբի հարձակումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Աշխարհահռչակ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը փրկել է անծանոթին փողոցային ավազակախմբի հարձակումից: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ դերասանը կնոջ հետ տաքսիով երթևեկելիս է եղել Լոնդոնի փողոցներով, երբ նկատել է, որ Մարիլեբոն փողոցում 4 անծանոթ շշով հարվածել են հեծանվորդի գլխին, ով ուտելիք առաքելիս է եղել: Այդ ժամանակ Քամբերբիչը դուրս է եկել մեքենայից և շեղել հարձակվողների ուշադրությունը: «Բենեդիկտը քաջություն, համարձակություն և անձնվիրություն դրսևորեց: Եթե նա չմիջամտեր, հեծանվորդը կարող էր լուրջ վնասվածքներ ստանալ»,- ասել է այդ պահին Քամբերբիչին տեղափոխող տաքսու վարորդ Մանուել Դիասը:

Տաքսու վարորդի խոսքով` ինքը դերասանին և նրա կնոջը ակումբ է տարել` չիմանալով, թե նրանք ովքեր են: Դիասը հայտնել է, որ մտահոգվել է իր ուղևորի ճակատագրով, երբ նա վիճաբանության մեջ է մտել խուլիգանների հետ: Այդ պահին ինքն էլ է դուրս եկել մեքենայից և ականատես եղել, թե ինչպես է դերասանը մի կողմ հրում հանցագործներին: Մանուել Դիասը ենթադրել է, որ խուլիգանները կոնֆլիկտին վերջ են տվել այն պատճառով, որ ճանաչել են Քամբերբիչին:

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել Մարիլեբոն-Բեյքեր Սթրիթ փողոցների խաչմերուկում, որտեղ Արթուր Կոնան Դոյլի գրքի համաձայն ապրել է Շերլոկ Հոլմսը, իսկ Բենեդիկտ Քամբերբիչը BBC-ի նկարահանած հայտնի հեռուստասերիալում մարմնավորել է հենց Շերլոկ Հոլմսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում