Պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել. Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով

Պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել. Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները ու մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը կարևորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։

Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության և օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի և համայն հայության համար։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին, Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա:

 Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն եղել, հատուկ ջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկ ջոկատայիններին: 

Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին ժամը 19։25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում