Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար

Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով և հայտարարել, որ պետք է դեպքի առթիվ մանրամասն հետաքննություն անցկացնել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա:

Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել:

Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկ ջոկատայիններին:

Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 19։25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում