Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:

Ելույթով հանդես է եկել Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ մարդկանց մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:

«Եղել է կենցաղային վեճ, կռիվ մի խումբ տղաների միջև, որը վայել չէ արցախցիներիս. այն դատապարտելի է: Մեր ստեղծած պետության իրավական մարմինները կատարել են համապատասխան գործողություններ: Ես հավաստիացնում եմ, որ գիշերը՝ ժամը 05:00-ին պատահած դեպքի բոլոր մասնակիցները, բացի նրանցից, ովքեր հիվանդանոցում պառկած են, ձերբակալված են, տարվում է քննություն: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի նաև այդ քննությունը տարվի ամենայն արդարությամբ, որի համար էլ պահանջատեր ենք»,- նշել է Ժաննա Գալստյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը: Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում