Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ հորդորելով զերծ մնալ Արցախի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում