Անհապաղ նիստ նշանակել և ազատ արձակել Սամվել Բաբայանին. բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց (ուղիղ)

Անհապաղ նիստ նշանակել և ազատ արձակել Սամվել Բաբայանին. բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց (ուղիղ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, «Իգլա»-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները:

Վճռաբեկ դատարան Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ: Ցուցարարները պահանջում են անհապաղ նիստ նշանակել և ազատ արձակել Սամվել Բաբայանին:

Նշենք, որ ՀՀ ԱԺ երկու պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Բացի այդ, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Սամվել Բաբայանին արդարացնելու պահանջով: Պաշտպանը նշում է, որ հանցակազմը բացակայում է:

Նշենք, որ ամբաստանյալները դիմել էին նաև Վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկու ամբաստանյալի՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները թողեց օրինական ուժի մեջ։

Այնուհետև վճռաբեկ բողոք են ներկայացրել Սամվել Բաբայանից բացի նաև ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Նրանք ևս պահանջում են արդարացնել իրենց:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման։

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, մյուսները՝ 2-ական տարի ազատազրկման, և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է փորձաշրջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում