Ոստիկանապետը խոստանում է ոստիկանների թվաքանակի կրճատում

Ոստիկանապետը խոստանում է ոստիկանների թվաքանակի կրճատում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ոստիկանապետ Վ. Օսիպյանը ոստիկանների թվաքանակի կրճատում է խոստանում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանների թվաքանակի կրճատում լինելու է, սակայն դա կապված չէ տարիներ շարունակ հնչող տեսակետի հետ, թե Հայաստանում ոստիկանների թիվը շատ է, ինչի արդյունքում Հայաստանը վերածվել է ոստիկանապետության: «Հայաստանում ոստիկանների թվի մասին տեղեկատվությունը գաղտնի է, բայց մենք համեմատական կարգով վիճակագրություն ունենք և բազմիցս հայտարարել ենք, որ կան եվրոպական մի շարք զարգացած երկրներ, որտեղ ոստիկանների թվաքանակը գերազանցում է մեր ոստիկանների թվաքանակին»,- նշեց ոստիկանապետը:

Հարցին՝ որքանո՞վ է կրճատվելու ոստիկանների թիվը, Օսիպյանը պատասխանեց, որ դա իր քմահաճույքով չի լինելու: «Կձևավորվեն հանձնաժողովներ, և հանգամանալից կուսումնասիրվեն բոլոր ստորաբաժանումները»,- ասաց ՀՀ ոստիկանության պետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում ոստիկանների թիվը գաղտնի պահվում՝ ոստիկանապետը պատասխանեց, որ դա իր որոշումը չէ, այլ օրենքով է այդպես: Այնուամենայնիվ, Վալերի Օսիպյանը չբացառեց, որ հետագայում կվերանայեն հարցը ու հանդես կգան ոստիկանների թիվը գաղտնազերծելու մասին առաջարկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում