Նախագահը Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաների հետ կիսեց Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը

Նախագահը Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաների հետ կիսեց Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ է համաչափ զարգացնել տարբեր ոլորտներ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի բնական ռեսուրսներ՝ հանքեր, ունի ջուր, և այդ ջուրը հսկայական հարստություն է, և պետք է ամեն ինչ անել այդ հարստությունը պահպանելու համար: «Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի տուրիզմի զարգացման համար, այն ունի տարածաշրջանում ամենալավ բանկային համակարգը: Հայաստանը կարող է ունենալ նաև լավ դեղագործություն և տարածաշրջանում եզակի լինել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում»,-ասաց նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը չունի նավթ, սակայն հաջողության կարող է հասնել մի քանի ոլորտ համաչափ զարգացնելով: «Դա Հայաստանի տնտեսությունը կդարձնի ավելի կայուն»,-ընդգծեց նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է ունենալ աշխարհի ամենալավ համալսարանները:

Հանդիպմանը նախագահը հորդորեց իր հյուրերին հպարտություն համարել հայ լինելը: «Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և ամբողջ աշխարհը տեսավ, որ մենք կարողանում ենք դժվարին պահին միասին լինել: Այսպիսի ազգ աշխարհում չկա, և դուք պետք է հպարտ լինեք, որ հայ ժողովրդի զավակներն եք»,-հավելեց նախագահ Սարգսյանը:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաները շնորհակալություն հայտնեցին նախագահին ընդունելության համար և մաղթեցին նրան արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում