Արցախում իրավիճակը հանգիստ է, կյանքը բնականոն հունով ընթանում է. Դավիթ Բաբայան

Արցախում իրավիճակը հանգիստ է, կյանքը բնականոն հունով ընթանում է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում իրավիճակը հանգիստ է, ցուցարարները շարունակում են հետևել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ցույցերը դադարեցնելու կոչին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախում կյանքն իր բնականոն հունով շարունակվում է:

«Պետք է ասեմ, որ այս օրերին ևս Արցախում, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, չեն խաթարվել բնականոն կյանքը, տարբեր կառույցների գործունեությունը: Այսօր էլ, որքան տեղյակ եմ, ցույցեր չկան, ճանապարհները բաց են, ամեն ինչ նորմալ է, այս պահին միայն հորդառատ անձրև է գալիս»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր էին տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավմամբ ծեծկռտուքի պատճառով: Նա անընդունելի է համարել խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ստեփանակերտում դադարեցնել բողոքի գործողությունները, որպեսզի ցուցարարների և պետական կառույցների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին հանդիպել էր նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել էին փողոցում հավաքված ցուցարարներին: Արայիկ Հարությունյանը ողջունել էր ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնել էին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին: Պետական նախարարն ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հնչեցրած կոչը, որտեղ նա փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները: Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են և դադարեցրել բողոքի ակցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում