«Ոմն անձից» 100 լսողական սարքերն այնպես են ոգեւորել՝ ասես պետությունը դրանով երբեք չէր զբաղվել. պատգամավոր

«Ոմն անձից» 100 լսողական սարքերն այնպես են ոգեւորել՝ ասես պետությունը դրանով երբեք չէր զբաղվել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, News.am: Մեր հանրությունն այնքան էր ոգեւորվել «ոմն անձից» 100 լսողական սարքերի տրամադրմամբ՝ ասես մեր պետությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին երբեք լսողական սարքեր չէր տրամադրել: Այս մասին խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Նա նախարարին խնդրեց թվեր ներկայացնել՝ հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քանի լսողական սարք է տրամադրել: «Վերջին շրջանում սոցցանցերում մենք անհասկանալի ոգերություն էինք տեսնում ընդամենը ոմն անձի՝ 100 լսողական սարքերի տրամադրման առիթով: Մեր հանրությունն այնքան ոգեւորված էր՝ ասես պետությունը երբեք դրա կարիքն ունեցող քաղաքացիներին լսողական սարքեր չէր տրամադրել: Ես Ձեզ խնդրում եմ հարցը Ձեր ձեռքը վերցնել, քանի որ որպես հանձնաժողովի անդամ, ես գիտեմ, որ պետությունը լուրջ պարտավորություններ ունի եւ դրանք կատարում է: Այդ 100 լսողական սարքերը որքանո՞վ են թեթեւացրել նախարարության պարտավորությունները»,- հարցրեց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ներկայումս նախարարությունը հաշմանդամությամբ մարդկանց անհրաժեշտ սարքավորումների տրամադրման նոր եղանակ է ներդնում՝ սերտիֆիկատներով: Մասնավորապես՝ այդ եղանակն արդեն ներդրվել է հաշմասայլակներ ստանալու համար, դրանով տարբեր կազմակերպություններ են զբաղվում, եւ այս հարցով քաղաքացիների գանգատները մեծապես կրճատվել են:

Նա հավելեց, որ քաղաքացիների հետ հաղորդակցությունն ընդհատվում է, երբ նրանց սարքեր են տրամադրվում, որոնք իրենք չեն ընտրել, եւ նրանց անհարմար է դրանք կրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթներ անցկացնել, անհրաժեշտ է որակի մոնիթորինգ, սակայն միանշանակ է, որ հարցի լուծումը սերտիֆիկատներն են:

Ի պատասխան՝ Մարգարիտ Եսայանը կրկին նշեց, որ այդ էյֆորիայի վիճակում շատ մարդիկ կլինեն, որոնք կգան ու կհայտարարեն այն մասին, որ 10-20-100 սարք են նվիրել: «Ես՝ որպես պետության ներկայացուցիչ եմ դիմում Ձեզ, որպեսզի դուք ունենաք պատվախնդրություն այս հարցում: Եվ որ Դուք թվեր ներկայացնեք, թե բյուջեի շրջանակում քանի սարք է տրամադրվում: Նվիրատվություններ շատ կլինեն, սակայն չեմ կարծում, որ պետք է այդ մասին այնպես թմբկահարել՝ իբր մենք այնքան կորած մոլորած երկիր ենք, որ երբեք լսողական սարք չենք տեսել»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը հավաստիացրեց, որ նախարարության բոլոր քայլերը բխելու են քաղաքացիների շահերից, այդ թվում՝ եթե բարեգորությունը բխում է քաղաքացիների շահերից, այն նույնպես տեղ կունենա:

Նախարարն, այնուամենայնիվ, թվեր չհրապարակեց, թե պետությունը քաղաքացիներին քանի լսողական սարք է տրամադրել: Իսկ Մարգարիտ Եսայանը, որն ակնարկում էր Էլթոն Ջոնի այցին, որը Երեւանում լսողական սարքեր է բաժանել, ինչպես երեւում է, ժամանակ չի ունեցել ծանոթանալու տվյալ բարեգործական ակցիայի լիակատար տեղեկատվությանը: Starkey Hearing Foundation ընկերությունը, որի բարեգործական ակցիայի շրջանակում էլ Երեւան էր ժամանել Էլթոն Ջոնը, 3 օրում 1300 կարիքավորների տրամադրել է 2500 լսողական սարք: Անցյալ տարի այս ընկերությունը լսողական սարքերով էր ապահովել Հայաստանի 1800 անապահով երեխաների եւ մեծահասակների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում