Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն իշխանություններից պահանջում է վերջ դնել առևանգման և բռնությունների պրակտիկային

Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն իշխանություններից պահանջում է վերջ դնել առևանգման և բռնությունների պրակտիկային

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված մեծ խումբը դիմել է երկրի իշխանություններին և պահանջել վերջ տալ ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից իրականացվող առևանգումների ու բռնությունների պրակտիկային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Խումբը խստորեն քննադատել է ոստիկանների կողմից հունիսի 4-ին իրավապաշտպան Էմին Ասլանին առևանգելու դեպքը։

Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 4-ին քաղաքացիական հագուստով 3 անձ մոտեցել են խանութում գնումներ կատարող Էմին Ասլանին և առանց որևէ բացատրության և հիմնավորման նստեցրել մեքենան, տեղափոխելով ոստիկանություն:

«Հայտնում ենք մեր ծայրահեղ անհանգստությունը աճող ռեպրեսիաների, ոստիկանների կողմից փողոցներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առևանգման ամոթալի գործելաոճի, ֆիզիկական և բարոյական խոշտանգումների, ինչպես նաև փակ և անօրինական դատավարությունների արդյունքում մարդկանց ազատազրկման դեպքերի վերաբերյալ»,-նշվում է քաղաքացիական խմբի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն իրավապահ մարմիններից պահանջել են անհապաղ նշել Ասլանի գտնվելու վայրը, և թույլ տալ փաստաբանին այցելել նրան:

«Մենք Էմին Ասլանին ճանաչում ենք, որպես պրոֆեսիոնալ իրավաբանի և երիտասարդի: Ամենայն պատասխանատվությամբ նշում ենք, որ նա ոչ մի հանցագործություն չի գործել»,- նշված է հայտարարության մեջ:

Քաղաքացիական խմբի ներկայացուցիչների կարծիքով, Էմին Ասլանի ձերբակալությունը, ինչպես Ադրբեջանի մյուս 160-ից ավելի քաղբանտարկյալների դեպքում պայմանավորված է քաղաքական մոտիվներով:

Հայտարարության տակ ստորագրել են մոտ 130 ադրբեջանցի ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և բլոգերներ:

Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել է 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին:

Էմին Ասլանը 2014-ից բնակվում էր Վրաստանում: ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարան ընդունվելուց հետո նա տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելու և Բաքու էր վերադարձել 3 օր առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում