Պահանջում են արդարացնել. Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաքննիչ բողոքները (ուղիղ)

Պահանջում են արդարացնել. Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաքննիչ բողոքները (ուղիղ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Նախորդ դատական նիստը, որը նշանակված էր մայիսի 30-ին, տեղի չունեցավ, որովհետև ուղեկցող գումարտակը ամբաստանյալներին չէր բերել դատարան: Դրան հաջորդեց բողոքի ակցիան դեպի վճռաբեկ դատարան և Գլխավոր դատախազություն: Ցուցարարները Վճռաբեկ դատարանից պահանջում էին արագ վարույթ ընդունել և քննել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքի դեմ վճռաբեկ բողոքը, սակայն դատարանից տեղեկացրին, որ բողոքը հետ է վերադարձվել՝ շտկումների կարիք կա:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի ժամկետով:

Գործով մեկ այլ դատապարտյալ Հովհաննես Պետրոսյանը,ով ցուցմունք էր տվել Սեֆիլյանի դեմ,պատժի կրումից հետո ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

 Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում