Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը. Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը. Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հայտարարել է նախագահ Բակո Սահակյանին պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր ներկայացնելու մասին՝ ընդառաջելով իր հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Սիրելի Արցախցիներ,

Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։

Սիրելի հայրենակիցներ,

1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։

2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս¸ ստեղծել ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։

Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։

Սիրելի բարեկամներ,

Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն։

Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում