«Արցախում ոչ մի խժդժություն, հանրահավաք և այլախոհություն օգտակար ոչ մի բանի չեն բերի»

«Արցախում ոչ մի խժդժություն, հանրահավաք և այլախոհություն օգտակար ոչ մի բանի չեն բերի»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Այն, ինչ կատարվեց Հայաստանում, չի կարելի կրկնել Արցախում: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ եթե այն իրականացվում է Արցախում, սպառնում է մեր պետական պաշտպանունակությանը:

«Դա անվտանգության սպառնալիք է և պետք է դրան վերջ տրվի: Վահան Բադասյանը իր փայլուն անցյալով ու կենսագրությամբ այսօր արդեն ընկել է իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը, և այն, ինչ կատարվում է Արցախում, լուրջ հարված է մեր պաշտպանունակությանը: Այդ շարժումը թուլացնելու է Արցախի միակամությունն ու միասնությունը»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե Արցախում նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում էր, ասաց, որ այդ գործընթացները ոչ թե հեղաշրջման, այլ էվոլյուցիոն զարգացումների ձևով պիտի իրականացվեն, ցանկացած ակցիա, եթե բնականոն չէ, այն բերում է թուլացման: Պատմաբանը խոսեց Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականից, հիշեց, որ նրան առաջին անգամ տեսել է, երբ նա տասնութ տարեկանում կռվում էր Լաչինի միջանցքում, Հարությունյանին ճանաչում է այդ օրից:

«Այդ մարդը, ով այսքան երկար ուղի է անցել, պետական կառավարման համակարգում այսօր հրաժարական է տալիս: Դա լավ հետևանքներ ունենալ չի կարող, այն թուլացնում է Արցախի պետական կառավարման համակարգը, թուլացնում պաշտպանունակությունը, իսկ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, եթե ինչ-որ ճնշումների տակ հրաժարական է տալիս, ուրեմն մեր պետության դիմադրողականությունը զրոյական է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ կարևոր է պետության դիմադրողականությունը ներքին և արտաքին ազդակների նկատմամբ. Հայաստանում պետական դիմադրողականությունը շատ ցածր է, և եթե Արցախում էլ է այն թուլանում, փողոցում խլրտումների պատճառով մարդիկ դիմում են ազատման, դա մեծ սպառնալիք է:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ վերին աստիճանի բարդ ժամանակահատված է, խնդիրն այն է, որ Արցախում ոչ մի խժդժություն, հանրահավաք և այլախոհություն այս պահին օգտակար ոչ մի բանի չեն բերի. «Մենք ունենք շատ լուրջ թշնամի, և նա գտնվում է ուղիղ Արցախի հարևանությամբ: Ցանկացած նման առիթից նա պատրաստ է վայրկյանների ընթացքում օգտվել: Արցախը հայ ազգի ողնաշարն է, Աստված չանի՝ մի բան կատարվի Արցախի հետ, մենք կզրկվենք մեր ողնաշարից, և այս պարագայում ուղղակի ողջունելի է առաջին նախագահի քայլը, որ ուղիղ խոսեց այս խնդրի մասին, դիմեց զորավիգ լինելու կոչով»:

Եղիազարյանը գոհունակություն հայտնեց այն առիթով, որ արցախցիները ականջալուր եղան նոր վարչապետին, անմիջապես դադարեցրեցին հանրահավաքները, քանի որ պետք է հիշել՝ թշնամին քնած չէ, ոչ միայն քնած չէ, այլև ՄԱԿ-ում այսօր կրկին գործողություններ են ծավալել Արցախի դեմ: Քաղաքական գործչի խոսքով՝ ազատ Արցախին չի կարելի խժդժությունների մեջ մտցնել, հակառակ պարագայում կունենանք անցանկալի դեպքեր, եթե ոչ՝ գործողություններ:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Արցախում նույն սորոսյան սխեմաներն են գործում, ինչպես Հայաստանում եղավ, դա նախօրոք կազմակերպված ակտ է եղել, գործողություններ, բայց նրանք չէին հաշվարկել Բակո Սահակյանի անձի ուժը և դիմադրողականությունը, նաև առաջին նախագահի կոչը, որ իր դրական դերակատարությունն ունեցավ:

«Բակո Սահակյանը պետք է Արցախի կառավարման ղեկը չհանձնի անփորձ, երիտասարդ, պետական կառավարման մեծությունը չհասկացող անձի, դա կարող է գործողությունների հանգեցնել: Պետք է հիշենք՝ մենք հաջողություն ենք ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքաղաքական խլրտումներ ու ճգնաժամ են եղել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հորդորեց Արցախի պետնախարարին ու ոստիկանապետին՝ հետ վերցնել դիմումները, նշեց՝ Արցախի տնտեսությունը հենց Արայիկ Հարությունյանի օրոք է հասել մի ցուցանիշի, որ երեք անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում