Արայիկ Հարությունյանը նոր թափով կշարունակի ղեկավարել «Ազատ հայրենիք» կուսակցությունը

Արայիկ Հարությունյանը նոր թափով կշարունակի ղեկավարել «Ազատ հայրենիք» կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո շարունակելու է աշխատանքները Արցախում գործող ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» քաղաքական կուսակցությունում՝ նպաստելու Արցախում իրականացվող բարեփոխումներին:

Հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ պետնախարարի պաշտոնը թույլ չէր տալիս քաղաքական ղեկավարի պաշտոնում անել այն, ինչ ուզում էր: «Հաշվի առնելով, որ ես ղեկավարում եմ Արցախի այսօր գործող ամենամեծ քաղաքական ուժը, գնալու եմ կատարելու այդ առաքելությունը»,-նշեց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը լուրջ կադրային փոփոխություններ է պլանավորել պետական կառավարման ինստիտուտում, որը բերելու է հասարակարգի զարգացմանը, բավարարելու է ոչ միայն արդարացի դժգոհող խմբին, այլ նաև ժողովրդին: «Պետք է իրականացնել կադրային լուրջ փոփոխություններ, որոնք պլանավորել է երկրի նախագահը: Այսօր մենք՝ դիմում ներկայացողներս օգնում ենք նախագահին ավելի արագ ներկայացնել այն ծրագիրը, որը կա: Ոչ մեկս աթոռից կառչած չենք: Մենք պատրաստ ենք ծառայել մեր ժողովրդին՝ անկախ պաշտոնից»,-ասաց Հարությունյանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին Արցախում կա ժողովրդագրական աճ, տարեկան տնտեսական առնվազն 10 տոկոս աճ, երկրում նվազել են միգրացիոն երևույթները, աշխատանքներ են տարվել վերաբնակեցման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում