Վրացերեն դաջվածքով ամերիկացի լուսանկարիչը մտածում է հայերեն դաջվածք ունենալու մասին

Վրացերեն դաջվածքով ամերիկացի լուսանկարիչը մտածում է հայերեն դաջվածք ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լուսանկարիչ-լրագրող Ադամ Կաց-Սինդինգը Հայաստանում է և բացահայտել է իր վրացերեն դաջվածքի պատմությունն ու լրագրողներին պատմել սեփական լուսանկարների միջոցով վաստակելու և համաշխարհային համբավ ունեցող ամսագրերի էջերը նվաճելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամը ոչ միայն լուսանկարիչ, լրագրող, Vogue և W-magazine ամսագրերի մշտական հեղինակն է, այլև Ինստագրամում 500 հազար և ավելի հետևորդ ունեցող անձ:

Նա Հայաստան է եկել հայտնի հայ հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի հրավերով, որպեսզի մասնակցեր «Երևան-2018» նորաձևության ֆորումին, որն անցկացվել է հունիսի 2-4-ը:

Անդրադառնալով ձեռքի դաջվածքին, որը վրացերեն է և գրված է «խաչապուրի»՝ նշեց, որ այն իր ամենասիրելի ուտեստն է դարձել Վրաստան այցից հետո:

«Ես նաև կուսումնասիրեմ հայկական մշակույթը և ժամանակի ընթացքում գուցե գտնեմ այստեղի իմ սիրելի ուտեստը և կդաջեմ այն հենց հայերեն:

Ներկայացնելով իր լուսանկարչի կարիերան՝Ադամն ասաց, որ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից, իսկ 2007-ից՝ ավելի պրոֆեսիոնալ կերպով, 2011 թվականից՝ նորաձևությունն ու պրոֆեսիոնալիզմը համադրելով է սկսել աշխատել:

«Ես բազմիցս բախվել եմ այն խնդրի հետ, որ վերցնում են իմ նկարները՝ չեն նշում անունս կամ գումարային առումով չեն փոխհատուցում: Ցավոք, կային ժամանակներ, որ այդ ամենը մենք ընդունում էինք որպես իրականության մի մաս, և դրանից խուսափել չէր լինում: 2017 թվականի սեպտեմբերից լուսանկարիչ-լրագրողներս որոշեցինք, որ այլևս չպետք է հանդուրժենք այդ իրականությունը: Խոսքը հիմնականում եղել է բլոգերների և այն մարդկանց մասին, ովքեր ազդեցիկ դեր ունեն մեդիա դաշտում: ԶԼՄ-ների դեպքում հնարավոր է զանգել և ասել, որպեսզի լուսանկարչի անունը ավելացնեն կամ հանեն լուսանկարը, սակայն բլոգերների դեպքում դա դժվար է»,- նշեց Ադամը:

Նա նկատեց, քանի որ բլոգերները ունեն պայմանավորվածություններ տարբեր բրենդների հետ և իրենց պարտավորվածություններն են կատարում տվյալ կազմակերպությունների հանդեպ, նրանք շատ հաճախ չեն նշում լուսանկարիչների անունները:

«Այդ բլոգերները՝ չվարձելով ինձ կամ մեկ այլ լուսանկարչի, որպեսզի մենք հենց իրենց համար աշխատենք, գողացել են մեր նկարները, տեղադրել իրենց կայքերում կամ սոցիալական էջերում և այդպիսով գումար են վաստակել»,- ընդգծեց Ադամ Կաց-Սինդինգը:

Որպես այդ խնդրի լուծում՝ Ադամն ասաց, որ մի խումբ լուսանկարիչներով որոշել են դիմել տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների և ամսագրերի և կազմել են հաղորդագրություն-բողոք, որտեղ գրել են իրենց պայմանը, թե այսուհետ ինչպես պետք է օգտվեն իրենց նկարներից:

«Մենք փորձեցինք նաև հեշթեգ օգտագործել՝ բոլոր այն կայքերի կամ բլոգների մեկնաբանություններում, որոնք կվերցնեն ու առանց հղման կդնեն մեր նկարները՝ #NoFreePhotos:Բլոգերները հակադարձում էին մեզ, որ իրենց չլինելու դեպքում՝ լուսանկարիչները հայտնի չեն դառնա և իրենց քչերը կիմանան»,- ընդգծեց լուսանկարիչը:

«Fashion Forum Yerevan-2018»-ը մեկնարկում է նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման գեղեցիկ առաքելությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում