Արցախում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով ԱԱԾ պետի որդին մեկ ամսով կալանավորվել է

Արցախում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով ԱԱԾ պետի որդին մեկ ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Արցախում օրեր առաջ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով այսօր կալանավորումներ են տեղի ունեցել:

Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն է ստացել: Ծեծկռտուքին հաջորդել էին Արցախում բողոքի ցույցերը՝ ուժայինների ղեկավարների հրաժարականների պահանջով:

Այսօր Ացրախի դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին եւ Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Մխիթար եւ Սերգեյ Մուսայելյանները ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի եղբայրներն են: Ինչը մեր զրույցում այսօր հաստատեց նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորվածների թվում մեկ ԱԱԾ աշխատակից կա: Նշենք, որ խոսքը Վարդան Ղարամյանի մասին է, որն ԱԱԾ արդեն նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին է: Արցախի դատախազության տարածած տեսանյութում Վարդան Ղարամյանը բաժանողի դերում է եղել չնայած դրան նրան մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Մեր հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ըստ քաղաքացիների նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է մեկ ամիս ժամկետով: Մեր հարցին, թե սա որեւէ բան նշանակո՞ւմ է, Արցախի ՄԻՊ-ը չպատասխանեց. «Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը անհրաժեշտ չի համարել դատարանից հայցել երկու ամիս ժամկետով կալանավորում, դա սովարաբար կարող է պայմանավորված լինել նախաքննությունը արագ ավարտելու մտադրությամբ, թեեւ պետք է նշեմ, որ դա որեւէ կերպ չի սահմանափակում նախաքննական մարմնին՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան»:

Նշենք, որ ծեծկռտուքի հետեւանքով տուժած ԱԱԾ աշխատող Մհեր Մուսայելյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ալբերտ Ավետիսյանը դեռ բժշկական կենտրոնում են. հայտնի չէ նրանք գործի շրջանակում ինչ դատավարական կարգավիճակ ունեն:

Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան 2բ հասցեի դիմաց, վիճաբանություն է առաջացել, մի կողմից՝ Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ»: Դատախազությունը նաեւ նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով): Քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, որոնց թվի եւ ինքնությունների մասին, սակայն, Արցախի դատախազությունը չի հայտնել: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե ծեծկռտուքին մասնակցել է 15 ԱԱԾ հատուկջոկատային, սակայն դատախազության հրապարակած տեսանյութում 15 ԱԱԾ-ական այդպես էլ նկատելի չեղավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում