ՀՀ ԶՈՒ-ում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ. ՄԻՊ

ՀՀ ԶՈՒ-ում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ ՀՀ զինված ուժերում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ:

Հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Դեպքեր են արձանագրվել, երբ զորակոչի փուլում բժշկական փորձաքննություն է իրականցվել, և հիվանդությունների առկայության պարագայում անձը սխալմամբ զորակոչվել է բանակ:Մենք խնդրել ենք Պաշտպանության նախարարությանը ևս մեկ անգամ իրականացնել փորձաքննություն այնտեղ, որոնք հաստատել են հիվանդության առկայությունը: Իհարկե, եղել են դեպքեր, որ չի հաստատվել: Այս բոլոր հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սերտ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր աշխատակազմում նույնպես ունենք բժիշկներ և բոլոր հարցերին ցուցաբերում ենք մասնագիտական մոտեցում, որովհետև հակառակ պարագայում մենք այստեղ լուրջ արդյունքներ ակնկալել չենք կարող»,- ասաց Թաթոյանը:

Օմբուդսմենը նշեց, որ խնդիրներ կան, որոնք վերաբերում են զորակոչի փուլում ռազմաբշժկական փորձաքննություններին և տրամադրվող եզրակացություններին:

«Չափազանց կարևոր է, որպեսզի այդ բոլոր փաստաթղթերը տրամադրվեն զինծառայողներին: Ցանկացած զինծառայող պետք է հստակ տիրապետի իր իրավունքներին և, իհարկե, իրենց իրավունքներին վերաբերող փաստաթղթերը հասանելի լինեն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին ստացել են 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

«Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, բայց վարույթի ընթացքում նրա իրավունքները չեն ապահովել»,- նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց այն, որ զինծառայողը պետք է մշտապես տեղյակ լինի իրեն վերաբերող որոշումներին:

«Մենք շատ բողոքներ ունենք, երբ քաղաքացիները նշում են, որ իրենց չեն տրամադրում իրենց իրավունքներին առնչվող փաստաթղթերը»,- եզրափակեց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում