Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ. Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդ

Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ. Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Միացյալ ազգերի կազմակերպությունում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այս օրերին Հայաստանում է, այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի առջև: Այցելությունից հետո Փաուերը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ: Շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա» նախաձեռնությանն իր նշանակալի հումանիտար նախաձեռնության համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին այն կարևոր աշխատանքի համար, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- նշել է Փաուերը:

Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

Դեսպան Սամանթա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ եւ Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

Նա նաեւ հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում