«Արցախում վերահսկվող իրավիճակ է». Թևան Պողոսյան

«Արցախում վերահսկվող իրավիճակ է». Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: «Այսօր ամբողջ օրը տարբեր տեղեր եմ եղել, ժողովուրդ իրենց առօրյայով ապրում են, որևէ խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, ով այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ հակառակորդի ստորաբաժանումները կուտակված են սահմանի այն հատվածում, որտեղ իրավունք չունեին լինել։

Թ. Պողոսյանի կարծիքով՝ կարելի էր ակնկալել նման զարգացում՝ հաշվի առնելով Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները.

«Երբ տեղի է ունենում որևէ գործընթաց, Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է անում, որ, եթե առիթն ընձեռվի, օգտվի, ինչը բնական է, մենք էլ նույն վարքագիծը կանեինք, եթե Ադրբեջանում լինեին այս տեսակի գործընթացներ։

Շատ կանխատեսելի վարքագիծ է նրանց կողմից, հարցն այն է, թե մենք այդ ամենը գիտակցելով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ Ադրբեջանի «երազանքը» կյանքի չկոչենք, որ չկարողանան լուծեն այն խնդիրները, որոնք նրանք դնում են առաջնագծում։ Իսկ այն, որ իրենք այս տեսակի գործողություններ անելու էին, դա կանխատեսելի էր։

Նման իրավիճակներում, երբ տեղի են ունենում ներքին գործընթացներ, Ադրբեջանը, ընկալելով, որ հնարավոր է՝ իր համար հնարավորություն բացվի, իր նախապատրաստական աշխատանքներն է տանում։ Դա կանխատեսելի վարքագիծ է, պետք չէ զարմանալ»։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ վտանգը չեզոքացված է՝ հաշվի առնելով, որ հիմա իրավիճակը հանդարտվել է Արցախում, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ չեզոքացված կլինի, եթե Արցախը ցույց տա, որ այդ ներքին գործընթացները նպաստում են իր հզորացմանը, ժողովրդավարացմանը, հանրության կոնսոլիդացմանը.

«Ադրբեջանում պետք է տեսնեն, որ այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունեցել, հզորացրել են արցախյան հասարակությանը, և որևէ մի հնարավորություն չեն թողնելու, որ Ադրբեջանը մտածի, որ Արցախում վիճակը վատ է։ Չեզոքացնելը գալիս է նրանից, որ դու կարողանում ես ցույց տալ, որ զարգացել ես, հզորացել ես, եղել են խնդիրներ, բայց խնդիրները լուծվել են քննարկումների միջոցով, նստել են սեղանի շուրջ, քննարկել են ու գտել են լուծումներ։

Դրանով դու ցույց ես տալիս, որ քո հասարակությունը հասուն է, կարողանում է բոլոր խնդիրները ճիշտ, քաղաքակիրթ, օրենքի շրջանակներում լուծել։ Այդ ժամանակ Ադրբեջանում էլ են գիտակցելու, որ անհնարին է հիմա որևէ մի բանից օգտվել, հակառակը՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, հասարակությունն ավելի հզորացվել է, կոնսոլիդացվել է և իր ապագայի համար գործողություններ է ծավալում ներքին հզորացման իմաստով։ Հզոր երկրի հետ որևէ մեկը չի ցանկանա կռվել, մենք պետք է գնանք այդ հզորացմանը»։

Թ. Պողոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք տեղեկություններ ունի՞, թե ինչ իրավիճակ է հիմա սահմանում։ Ի պատասխան՝ նա ասաց. «Եթե որևէ խնդիր լիներ, քաղաքն այսպես հանգիստ, խաղաղ, իր շաբաթօրյա առօրյայով չէր ապրի։ Դա նշանակում է, որ վերահսկվող իրավիճակ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում