«Փախի՛ր կնոջիցդ» Գլենդելի «Ալեքս» թատրոնում

«Փախի՛ր կնոջիցդ» Գլենդելի «Ալեքս» թատրոնում

Սա յուրահատուկ զարգացումներ ունեցող կատակերգական ժանրի ներկայացում է` համեմված է հետաքրքիր, բոլորին հայտնի և սիրված դերասանական կազմով, ռեժիսորական գերազանց աշխատանքով և արագորեն միմյանց հաջորդող ծիծաղաշարժ իրադարձություններով: Կարճ ասած` շատ ծիծաղելի ներկայացում, որից բավականություն կստանա յուրաքանչյուրը,- զրույցն այսպես սկսեց «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման պրոդյուսերներից Հայկ Մարկոսյանը, ով ներկայացրեց հունիսի 17-ին կայանալիք ներկայացման մանրամասները:

Ներկայացման հիմքում ընկած է շատ հետաքրքիր և յուրօրինակ մի պատմություն տաքսու վարորդի մասին, ով միաժամանակ ունի երկու օրինական կին, որոնք բնակվում են զուգահեռ փողոցներում: Երեք տարի շարունակ այդ տղամարդուն զարմանալիորեն հաջողվել է այնպես անել, որ ոչ ոք չիմանա դրա մասին: Սակայն տեղի է ունենում մի շատ անսպասելի բան, որին հետևում են անչափ հետաքրքրաշարժ իրադարձություններ` աներևակայելի ընթացքով և անկանխատեսելի կուլմինացիայով: Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում, կիմանաք միայն մեկ դեպքում, երբ կայցելեք Գլենդելի «Ալեքս» թատրոն և ներկա կլինեք ներկայացմանը,- ինտրիգային ընթացք տալով մեր զրույցին` նշեց պրոդյուսերը` ավելացնելով,- իմ գործընկերներ Պետրոս Ֆիջիջյանի, ով «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման համապրոդյուսերն է և ռեժիսոր ու դերասան Դավիթ Թադևոսյանի հետ համատեղ, առանց երկար որոնելու կանգ առանք հենց այս պիեսի վրա` վստահ լինելով, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, և հանդիսատեսին իսկապես հաճելի կլինի դիտել այն թատրոնի բեմում: Բեմադրող ռեժիսորի ընտրության ժամանակ այդ դժվար պատասխանատվությունը անմիջապես հանձնեցինք Դավիթ Թադևոսյանին, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը, իսկ մենք՝ ես և Պետրոսը, ձեռնամուխ եղանք կազմակերպչական աշխատանքներին, բացահայտելով մինչ այդ մեզ անհայտ Ամերիկյան կամ ավելի հստակ ասված Լոս Անջելեսի հայկական շուկան, ու լուծելով առաջացող ու ընթացիկ բոլոր խնդիրները: Ընդհանուր առմամբ, ընտրված դերասանական կազմը շատ լավն է, քանի որ ընդգրկված են միմիայն պրոֆեսիոնալներ, որոնք հայտնի են հանդիսատեսին տարբեր ֆիլմերից, հեռուստատեսային և այլ նախագծերից:

Չցանկանալով էլ ավելի բացել փակագծերը և դրանով իսկ նվազեցնել հետաքրքրությունը ներկայացման նկատմամբ, այնուամենայնիվ, պրոդյուսերը նշեց ևս մեկ կարևորագույն հանգամանք․ «Փախի՛ր կինոջիցդ» կրկին բեմադրված ներկայացուման Հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել Երևանում` Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի բեմում, որտեղ երկար ժամանակ եղել է պահանջված ու սիրված ներկայացում և ապահովել լեփ-լեցուն դահլիճներ: Իսկ բացի այդ, 17 անգամ բեմադրվել է նաև Հայաստանի տարբեր մարզերում` ընգրկելով ավելի քան 20 հազար հանդիսական:

Մեր կարևորագույն նպատակն ամերիկաբնակ հայերին համախմբելն է մի գեղեցիկ վայրում, մեր մայրենի լեզվով արտադրանք մատուցելը և հրաշալի ժամանց ապահովելը: Դիտելով «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման փորձերը` վստահաբար կարող եմ ասել, որ այն ստացված աշխատանք է և որևէ կասկած չկա, որ մեր նպատակն արժանապատվորեն կիրականացնենք, – անդրադառնալով ներկայացման նպատակին և շարժառիթներին` ասաց Հայկ Մարկոսյանը` հավելելով, որ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող յուրաքանչյուր հայ կարիք ունի հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի քաղցը բավարարելու: Այդ իսկ պատճառով «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացումը հրաշալի առիթ է բավարարելու այդ քաղցը և անցկացնելու հիանալի երեկո սիրված դերասանների, ընտանիքի անդամների, ընկերների, մեկ բառով ասած` հայերի շրջապատում: Պրոդյուսեր Հայկ Մարկոսյանը նաև նշեց, որ հաճելի ժամանցը միանշանակ երաշխավորվում է, իսկ վերջում` ավարտելով զրույցը, ավելացրեց` օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ սրտանց շնորհավորում եմ Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայրենակիցներին` մեծագույն հաղթանակների և Նոր Հայաստան ստեղծելու կապակցությամբ․ այստեղ առաջնայինը միասնականությունն էր: Հորդորում եմ լինել համբերատար, համերաշխ, մնալ միասնական և միմյանց նկատմամբ տածել անսահման հարգանք, բարություն և սեր, թող այն սպասումները, որ ունեք, դառնան իրական: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում