Ասում էր` կսպանեմ, կխփեմ, կգյուլեմ, ոնց որ կռիվ կինո լիներ. Մանրամասներ Սեւանում հնչած կրակոցների դեպքից

Ասում էր` կսպանեմ, կխփեմ, կգյուլեմ, ոնց որ կռիվ կինո լիներ. Մանրամասներ Սեւանում հնչած կրակոցների դեպքից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, News.am: Սեւանի դատարանի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորվում ստացած, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը վիրահատվել է, նրա վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի աղմկոտ սպանության գործով նիստից առաջ` Սեւանի դատարանում:

Փաստաբանը դեպքի մանրամասները պատմեց, ըստ որի դեպքը շատ անսպասելի էր տեղի ունեցել:

«Դատարանի բակում հավաքված, կանգնած սպասում էինք, որ գնանք դատական նիստի: Այդ պահին ինչ-որ մեքենաներ մոտեցան, մարդիկ իջան: Մեկը ավտոմատով սկսեց սպառնալիքներտալ, ասում էր` կսպանեմ, կխփեմ, կգյուլեմ ու սեռական բնույթի հայհոյանքեր էր տալիս: Այդ սպառնալիքներն ուղղված էին Անդրանիկ Հակոբյանն էր: Ամբաստանյալի՝ Մեխակ Հարությունյանի քեռին էր եւ պապիկը, բոլորը գոռում էին Գագո, մի արա, Գագո, մի արա: Քեռին նստեց մեքենան, շրջադարձ կատարեց ու հետո հանեց երկարափող հրացանը եւ կրակեց Անդրանիկ Հակոբյանի ուղղությամբ: Այդ ամենը տեւել է մի 10 րոպե, ես կարողացա Անդրանիկ Հակոբյանին տանել դատարանի կողմը, նա էլ իր բարեկամներին գոռաց հետ քաշվեք, ով հասցրեց, սյուների հետեւում թաքնվեց, ով էլ չէ` դատարանի շենք մտավ: Ակնհայտորեն կրակողի` Գագիկ Հակոբյանի գործողություններն ուղղված չէին ոստիկաններին, այլ ուղղված էին Անդրանիկ Հակոբյանին: Մի խոսքով` կարծես կռիվ կինո լիներ էդ դեպքը»,- պատմեց փաստաբանը:

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը հավելեց, որ այս դեպքը կապում են քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի հետ, սակայն ինքը բոլորին հորդորում է դիմել Քննչական կոմիտե, պարզելու թե ինչ կապ ունի Նորատուսցի Ալիկը` դեպքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում